Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացե է 17-ամյա Դավիթ Պ-ն։
2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, այդ թվում՝ տուժածին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ովքեր նույն բնակավայրի բնակիչներ են:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն, անձնական հարցի վերաբերյալ համագյուղացու՝ Ս.Պ.-ի հետ պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով նրան պատժելու նպատակով, իր համախոհներին՝ նույն բնակավայրի վեց բնակիչներին և քննությամբ դեռևս չպարզված անձանց հավաքել և տեղափոխել է Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, ժամանել է նաև կոնֆլիկտի մյուս կողմը, այդ թվում նաև՝ տուժող Դ.Պ.-ն:
Ս.Ս.-ն, առանց պարզաբանում կատարելու, մի խումբ անձանց հետ խմբի կազմում սպանություն կատարելու դիտավորությամբ միավորելով իրենց ջանքերը, հարձակվել են Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի և վերջիններիս հետ նշված վայր ժամանած անձանց վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս: Այդ ընթացքում Ա.Գ.-ն, դրսևորելով առավել ակտիվ և ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցնել գետնին ընկած Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի մյուս անդամները շարունակել են հարվածել Դ.Պ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննություններ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:
Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ քննիչի միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, արարքներն անհատականացնելու, իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: