Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 8-ին, ուղերձով դիմել է ժողովրդին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած սադրանքի․ «Եթե որևէ մեկը որոշի նորից փորձարկել մեր ուժերը, նա կրկին ջախջախիչ պարտություն կկրի»:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը ոչ միայն Հայաստանի, այլև նրա հովանավորների պարտությունն էր։
Ադրբեջանի ղեկավարը կրկին հայտնել է իր «մտահոգությունը»․ «Նրանք (ՀՀ-ն) պետք է հրաժարվեն սպառազինության քաղաքականությունից քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասանք մեր ուզածին, ապահովեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Տարածքային ամբողջականությունն ապահովված է ողջ սահմանի երկայնքով, նախկին ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողերը»,-նշել է նա։