Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանը քիչ առաջ ազատ է արձակվել: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Նորայր Նորիկյանը:

«Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից ընդունված որոշման մեջ բառացիորեն նշված է, որ կատարված մի շարք քննչական գործողությունների արդյուքնում Արայիկ Պետրոսյանի կողմից Հրաչ Մուրդայանին ապօրինաբար  կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել: Հետևաբար վերացել է կալանքի տակ պահելու անհրաժշտությունը և վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը»,- նշեց փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ Արայիկ Պետրոսյանը դեռևս շարունակում է մնալ գործով որպես մեղադրյալ. «Իմ պաշտպանյալ նկատմամբ քրեական հետապնդումը դեռևս չի դադարեցվել, բայց մենք վստահ ենք, որ որոշ ժամանակ անց քրեական հետապնդումը նաև կդադարեցվի, քանի որ այս ամիսների ընթացքում որևէ վերաբերելի ապացույց Արայիկ ՊԽետրոսյանի նկատմամբ ի հայտ չի եկել»:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 2-ին: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանըո:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել