Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Բարձրագույն դատական խորհրդում քննվում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Միջնորդությունը ներակայցվել է Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի կողմից։
Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը հայտնեց, որ այս միջնորդությունը ստացվել է օգոստոսի 20-ին։ Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարությունում ստացված հանգուցյալ դատախազի կողմից ներկայացված հաղորդումը։
«Ցանկանում եմ նշել, որ դատավորի կողմից թույլ են տրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոններ։ Նշված քրեական գործը դատավորը քննել է շուրջ 3 տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգել են՝ այդպիսով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով»,-ասաց նա։
Նա հայտնեց, որ գործին ներգրավված է եղել միայն 1 մեղադրյալ, առկա չի եղել փորձաքննություն նշանակելու, վկա հրավիրելու անհրաժեշտություն, մեղադրյալին մեղսագրվել է միջին ծանրության արարքի կատարում, և նման գործերի քննության առավելագույն ժամկետը սահմանվում է 3 տարին։ ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ ի հայտ են եկել այնպիսի դեպքեր, որոնք հիմք չեն հանդիսացել դատական նիստերը հետաձգելու համար։
Դատական նիստերի լրացման տեղեկատվության համաձայն՝ դատական նիստի նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը լրացվել է նիստից ընդամենը 5 րոպե առաջ․ «Մեր գնահատմամբ, դատավորի կողմից մի շարք դեպքերում դիտավորյալ այնպիսի ժամերի են նիստեր նշանակվել, որպեսզի խոչընդոտող հանգամանքներ ստեղծվեն արդեն իսկ նշված դատական նիստի կայացման համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։