Համաձայնեցվում են 3+3 հարթակի հաջորդ հանդիպման ժամկետները․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ այս պահին համաձայնեցվում են տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակի (խմբ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա) նոր հանդիպման ժամկետները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվդոկիմովն այս մասին ասել է «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

Դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի ներկա արտաքին քաղաքականությունն անհանգստություն է առաջացնում երկրի ապագայի համար։ Նա կարծիք է հայտնել, որ անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ «Համոզված ենք, որ Հարավային Կովկասում յուրաքանչյուր խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության։ Այդ առումով օգտակար է 3+3 խորհրդակցական հարթակը։ Այս պահին համաձայնեցվում են հարթակի հաջորդ նիստի ժամկետները, որը տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով»,- ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը։

3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել