Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արկադի Բաղդասարյանի այրուն՝ Ռոզա Եղիազարյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից՝ 2024 թվականի ընթացքում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»:
Արկադի Բաղդասարյանը Հայաստանում աբստրակտ արվեստի հիմնադիրներից է:
Ծնվել է 1945 թվականին, Բաքվում։ Հայրը՝ Զինովար Բաղդասարյանը, ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լյուլասազ գյուղում, մայրը՝ Ծմակահող գյուղում։ Մանկությունն անցել է ԼՂՀ-ում՝ պապիկ-տատիկի մոտ։ Արկոն ընտանիքի չորս երեխաներից ավագն է։ 1960 թվականին ավարտել է Բաքվի ռուսական դպրոցը, 1965 թվականին՝ Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։
Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Նա գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները։ Ստեղծագործություններում իշխում են խիստ մշակված պայծառ մակերեսները։