Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել, է և նա հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
«Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ ՀՀ տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը ՀՀ։
Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,- գրել է Գոռ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան։
Հայաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և արագ կազմակերպվել են հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։