Պատգամավորին հրապարակային վիրավորելու համար Անի Կարապետյանը ներողություն կխնդրի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

«Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ Անի Կարապետյանը 2021 թվականի դեկտեմբերին ֆեյսբուքյան անձնական էջում գրառում էր արել` արատավորելով Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին հայտնում են «AM» իրավաբանական ընկերությունից։

«AM» իրավաբանական ընկերությունը ստանձնել էր Հրաչյա Հակոբյանի շահերի պաշտպանությունը և դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել էր Անի Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «AM»-ի պահանջը և պարտավորեցրել Անի Կարապետյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել պատգամավորից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել էր փոխհատուցում վիրավորանքի համար:

Չհամաձայնելով վճռի հետ՝ Անի Կարապետյանի փաստաբանը բողոքարկել էր դատարանի վճիռը:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Մարինե Հովհաննիսյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոքի պատասխան: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը մերժեց Անի Կարապետյանի բողոքը և վերահաստատեց առաջին ատյանի դիրքորոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել