ՆԳՆ ՓԾ-ն հայտնում է, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 07:14-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակայքում տեղակայված ոստիկանության հենակետից Մ-2 միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ուղևորներ Զ․ Վ․-ն (ծնված 1962 թ.), Վ․ Ու․-ն (ծնված 2006 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1971 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Պ․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ․ Ու․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս տուժածներինը՝ կայուն ծանր։