Հարբած քաղաքացին ասել է, որ «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցը պայթեցնելու է․ գործը դատարանում է

Գրիշա Մ․-ն ալկոհոլ օգտագործած վիճակում, 2023 թվականի դեկտեմբերի 30-ին զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել ահաբեկչության մասին սուտ տեղեկություն՝ իր կողմից Արտաշիսյան 46ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցը պայթեցնելու վերաբեյալ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 24-ին և մակագրվել դատավոր Էդուարդ Մկրտչյանին։ Նշվում է, որ Գրիշա Մ․-ն նախկինում դատապարտված է եղել։

Նրան մեղադարնք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասի (ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։

Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել