Շուրջ 10 ամիս է անցել, սակայն հարուցված քրեական գործով որևէ մեղադրյալ չկա․ նոր մանրամասներ

Դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 30-ին ահազանգ էր  ստացվել Iravaban.netի խմբագրություն, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանդ է տեղի ունեցել։ Ահազանգողի խոսքով՝  ինքն ու իր աղջիկը զբաղվում են անտուն շների խնամքով, կացարան տրամադրելով։ Նա նաև հայտնել էր, թե սպանդի «հեղինակը» համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանն է։

Խմբագրությունը կապ էր հաստատել Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանի հետ։ Նա պնդեց, որ շների սպանդով չի զբաղվել, անգամ զենք օգտագործել չի կարողանում։

Դեպքից շուրջ 10 ամիս է անցել, սակայն գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա։ Այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Բացի դրանից, մեր հարցման շրջանակներում փորձել ենք պարզել նաև՝ հարցաքննվե՞լ է արդյոք համայնքի ղեկավարի տեղակալը, ի՞նչ կարգավիճակ ունի նա, գտնվե՞լ են սպանված կենդանիները, սակայն այս հարցերին ՔԿ-ից պատասխաններ չեն տրվել։

Iravaban.net-ը կապվել է  Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանի հետ, ով ասաց, որ դեպքի առթիվ հարցաքննվել է քննչականում։ Հարցին, թե ինչ միջոցառումներ, քայլեր են ձեռնարկվել այս գործի վերաբերյալ, նա նշեց՝ համայնքապետարանը նորից մրցույթ է հայտարարել, շահող կազմակերպությունը եկել է, գտել, զբաղվել իր գործունեությամբ։ Վահագն Դավթյանը պնդեց, որ համայնքում նման դեպք չի եղել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել