Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց․ Գոռ Վարդանյան

Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց, որը պետական կարգավիճակ ունեցող առաջին IB ավտորիզացված դպրոցն է Հայաստանում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Մեր ավագ դպրոցում Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը եղել է իմ որպես ՀԱՊՀ ռեկտորի թեկնածուի զարգացման հայեցակարգի կարևորագույն դրույթներից մեկը, որի իրականացման աշխատանքները մեր թիմով սկսել ենք դեռևս 2021 թվականից:

Այս տարիների ընթացքում միջազգային գործընկերների հետ համատեղ մեր թիմի կողմից իրականացվել են ծավալուն մասնագիտական աշխատանքներ, մասնավորապես՝ կատարվել են մանկավարժական և վարչական անձնակազմի ընտրությունը, վերապատրաստումը և սերտիֆիկացումը: IB-ի չափորոշիչների համաձայն մեր կողմից մշակվել են թվով հինգ քաղաքականությունները, ուսումնական պլանը և նախատեսված առարկաների առարկայական ծրագրերը:

2024 թվականի սեպտեմբերից մենք կդիմավորենք ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի IB ծրագրով ընդունված առաջին սովորողներին:

Ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն, սկզբունքները և օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն օժտված լինեն հետազոտական աշխատանքներ իրականացնելու կարողություններով: Դա չափազանց բարձր է գնահատվում, ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, այնպես էլ աշխարհի առաջատար բուհերում:

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ավարտածների ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։

IB-ի համաշխարհային դպրոցների ցանցի պաշտոնական կայքում կարող եք տեսնել ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, հետևյալ հղումով՝ https://ibo.org/school/062724/ »,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել