Իրավաբանական անձի լուծարման դեպքում ի՞նչ հերթականությամբ են բավարարվում պարտատերերի պահանջները

Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

1. առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
2. երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.
3. երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.
4. չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.
5. հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.
6. վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:

Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:

Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել