Իրանում կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, տուժել է առնվազն 50 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։

Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։

Tasnim գործակալությունը հաղորդում է 50 տուժածի մասին։ Ըստ գործակալության հրապարակման՝ նահանգի մի քանի բնակավայրերում որոշ բնակիչներ դեռ փլատակներում են․ շտապօգնության խմբերն աշխատում են նրանց փրկելու ուղղությամբ:

Իրանական լրատվամիջոցները նշում են, որ 5 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Քաշմար քաղաքում և հարևան բնակավայրերում։

Իսկ ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ երկրաշարժը եղել է 4,9 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել