Ովքե՞ր ունեն երեխա որդեգրելու իրավունք

Ընտանեկան օրենսգրքի հոդված 116-ը սահմանում է, թե ովքեր ունեն երեխա որդեգրելու իրավունք․

Այսպիսով՝ Որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, որը մասնակցել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախապատրաստական դասընթացներին, բացառությամբ՝

ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

բ) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.

դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.

ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.

զ) այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։

Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

է) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.

ը) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.

թ) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:

2. Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային։

3. Միևնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին և խորթ ծնողներին, այն պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 1-ին (բացառությամբ «է» և «ը» կետերի) և 2-րդ մասերով նախատեսված պահանջներն ու որդեգրվող երեխայի շահերը:

4. Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը իրականացնում է անվճար նախապատրաստական դասընթացներ։

5. Նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությանը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախապատրաստական դասընթացների մասնակցությունը պարտադիր չէ այն անձանց համար, որոնք երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված դասընթացները օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել