Կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ, IP հասցեն կտրամադրվի դատական վերահսկողության շրջանակներում․ Արփինե Սարգսյան

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով, որը թույլ կտա թե՛ միջազգային մակարդակներում, թե՛ նաև ներպետական մակարդակներում նույնականացնել կիբեռհանցագործությունները։ Ցանկը բխում է մեր միջազգային պարտավորություններից, դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն են։

Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը վերաբերվում է քրեադատավարական ընթացակարգերին։

«Առաջարկում ենք քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալները։ Այսօր IP հասցեն տրամադրվում է ոչ թե դատական վերահսկողության տիրույթի շրջանակներում, այլ քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ։ Բայց կան ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներ, որտեղ նշվում է, որ IP հասցեն բովանդակային շատ լուրջ տեղեկություն կարող է տալ անձի մասին, այդ թվում՝ համացանցում նրա ամբողջ տեղաշարժի մասին կարող է տեղեկություն տալ։ IP հասցեից կարող ենք գալ դեպի բաժանորդային տվյալների ստացում և հստակ նույնականացնել, թե ով է տվյալ անձը, որը համացանցում այս կամ այն կայքէջն է օգտագործել կամ այս կամ այն գործողությունները կատարել։ Հետևաբար, Եվրոպական դատարանը գտնում է, որ ՄԻԵԴ-ի 8-րդ հոդվածի տրամաբանության մեջ սա պետք է լինի դատական վերահսկողության առարկա։ Ըստ այդմ, առաջարկում ենք IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում»,- նշեց Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել