«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, հասել է Գյումրի:
Ժամը 14:00-ին մշակութային միջոցառում էր նախատեսված Գյումրիում, որը չի կայանա:
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասել է, որ քաղաքական ենթատեքստ չի լինելու։
«Ժամը 12-ի է կայացել, մենք ճանապարհին տեղեկացանք, որ ժամ են փոխել։ Այս երեխաներին ես եմ մեծացրել։ Մեկ ամիս է չեմ տեսել։ Իրենց ծնողներն էլ եկել հասել էին այստեղ, իմանալով, որ 2-ին է կայանալու, բայց 12-ի է եղել համերգը»,-նշեց նա։
Սրբազանը նշեց, որ պայմանագիր էր կնքված «Ազնավուր» հիմնդրամի հետ։
«Իրենք որոշել են այս համերգը քաղաքականացնել, ես եկել էի իմ երեխաներին հանդիպելու։ Եկել ենք և այս իրականության մեջ ենք։ Հիմա կխնդրեմ, որ իրենք երգեն Անզնավուրին նվիրված շարքը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Դիմելով երեխաներին՝ նա ասաց, որ պատասխանատու է իրենց առջև։
«Ես ձեր դիմացը կանգնած եմ։ Ով որևէ մեկը ոչ մի ձևով չի կարող ձեզ վիրավորել, խոցել, պատժել։ Չի կարող»,-նշեց նա։