Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վարդան Հարությունյանից (2014–2016 թվականներին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ) և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`
- 23 անշարժ գույք.
- 9 տրանսպորտային միջոց.
- 473 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
- 6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք.
- Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռքբերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ.
- 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
- 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: