Նորվեգիան թույլ չի տա ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր

Մայիսի 29-ից Նորվեգիան կարգելի զբոսաշրջության նպատակով ռուսների մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի կառավարությունը:

«Նորվեգիայի կառավարությունը լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում ՌԴ քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանում զբոսաշրջության նպատակով։ Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու մայիսի 29-ից»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը խստացվել էր դեռևս 2022 թվականի գարնանը, որից հետո զբոսաշրջային վիզաների տրամադրումը հիմնականում դադարեցվել էր։

«Այժմ նրանց մուտքը երկիր ավելի կսահմանափակվի: Զբոսաշրջության և այլ ոչ էական նպատակներով Նորվեգիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տա Նորվեգիա մուտք գործել սահմանը հատելիս»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ որոշ դեպքերում բացառություններ են արվելու, օրինակ՝ Նորվեգիայում բնակվող մերձավոր ազգականների (ծնողներ, պաշտոնապես գրանցված ամուսիններ, փաստացի ամուսիններ և երեխաներ) այցելելու Ռուսաստանի քաղաքացիների համար։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Նորվեգիայի իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին Ստորսկոգի սահմանային կետում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել