Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին ասաց, որ մայիսի 20-ին Կիրանց իր այցելությունից մի քանի տպավորությամբ է ուզում կիսվել։
«Երեկ, երբ մենք Կիրանցում էինք գտնվում, գյուղն ուրվական էր։ Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, երբեմն ուղղակի անցել եմ՝ գնալու Նոյեմբերյանի մեր գյուղերը, երբեմն գյուղում եմ կանգառ արել, առաջին անգամ տեսա գյուղը ուրվական, դատարկ, լրիվ դատարկ, մարդ չկար, եթե որևէ մեկը պարզապես այնտեղ լիներ՝ կմտածեր, որ լքել են այս գյուղը կամ մարդիկ հեռացել են կյանքից։ Գյուղացիներն ասացին՝ մեր գյուղում սուգ է, առանց մեռելի։ Կամաց-կամաց դուրս եկան տներից, հավաքվեցինք հուշարձանի մոտ, ես այցելել եմ Լենա տատիկին, տվել եմ ձեր նվերը, ինքն էլ նվեր տվեց, ասաց՝ այս օրը կբացեք, կասեմ՝ որ օրը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ մարդիկ մոլորված էին։
«Կիրանցում մի բան են ասել, որ փոխանցեմ։ Ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք։ Այդ ժողովուրդն է Կիրանցի ժողովուրդը։ Չեն ասում՝ մեզ օգնեք, ասում են՝ մենք ձեր մեջքին կանգնած ենք։ Այսպիսի ժողովուրդ է ապրում Կիրանցում, որին իրավազրկել են և դա դեռ շարունակվելու է»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։