Դատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից:
Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք, չունենալով 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարձրագույն կրթություն, ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ:
2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները: