ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգում փոփոխությունները և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Համաձայն հիմնավորման՝ 2023 թվականից մեկնարկած տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես, հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և այդ ուղղությամբ աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։
Ներկայացվող փոփոխությունների արդյունքում ավելացվել են համապատասխան դրույթներ, որոնց համաձայն՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:
Նախագծով առաջարկվում է զարգացման ծրագրի գնահատումը բաժանել 2 մասի՝ «բովանդակություն» և «ինքնուրույն աշխատանք» բաղադրիչների՝ հաշվի առնելով, որ երբեմն հավակնորդը զարգացման ծրագրի բովանդակությունը կարողանում է ներկայացնել՝ դժվարանալով պատասխանել ծրագրից բխող ընթացիկ իրավիճակային հարցերի, ինչը երբեմն ինքնուրույն գրված չլինելու մասին է վկայում:
Ըստ առաջարկվող նախագծի՝ զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում 2 անգամ բացասական եզրակացություն ստացած կամ հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարած անձը տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել զարգացման նոր ծրագիր ներկայացնելու դեպքում՝ գործող կարգի պահանջներին համապատասխան:
Բացի այդ` դրույթներ են ավելացվել այն մասին, որ քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացության ունենալու դեպքում նշանակումը կատարվելու է՝ 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է:
Փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը մասնագիտական հանձնաժողովի և հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի գնահատմանն է ներկայացնում իր կազմած զարգացման ծրագրի 1 տարվա կատարողական հաշվետվությունը՝ սահմանված ձևաչափին համապատասխան: Փորձաշրջանի ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը՝ համաձայն առաջարկվող ձևաչափի, որտեղ չափանիշների մասով նշում է կատարվում: Գնահատողի եզրակացությամբ փորձաշրջանն անցած կհամարվի 20 և ավելի միավոր ստացած տնօրենը:
Մասնագիտական հանձնաժողովի և խորհրդի կողմից հաշվետվության դրական եզրակացությունների և ղեկավարի դրական եզրակացության արդյունքում տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած: Ներկայացրած կատարողական հաշվետվությունների բացասական եզրակացությունների կամ ղեկավարի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած, որի մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազոր մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացում պայմանագիրը լուծելու համար:
Առաջարկվող լուծումները միտված են գործընթացում նկատված բացերի շտկմանը, տնօրենների նշանակման ընթացակարգում օբյեկտիվության, արդյունավետության բարձրացման, անաչառության և թափանցիկության ապահովմանը։ Դրանով նախատեսվում է տնօրենի նշանակման եռափուլ համակարգի գործարկումն ամբողջացնել՝ շեշտը դնելով ոչ միայն հաստատությունում բովանդակային մասի կառավարման վերաբերյալ հավակնորդի կարողությունների ստուգման, այլ նաև գործնականում այն կիրառելուն աջակցելու և արդյունքների վերլուծության վրա։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները թույլ կտան տնօրենի նշանակումից հետո, ըստ անհրաժեշտության, ի դեմս մենթոր դպրոցի՝ հիմքեր ստեղծել կրթության կազմակերպումը տարեցտարի որակապես փոխելու՝ ապահովելով տվյալ դպրոցում կրթության ապահովման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանները։ Կկարգավորվի նաև տնօրեն դառնալու բազմակի փորձ կատարած և հաջողություն չգրանցած հավակնորդների դիմելու հարցը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զարգացման ծրագրի փորձաքննության համար պետական բյուջեի միջոցներից հատկացվում է գումար: