ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին:
Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն:
Քննարկվել են քաղաքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, որպես քույր քաղաքներ, Գլենդելի և Երևանի քաղաքապետարանների աշխատակազմերի միջև լավագույն փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվող Գլենդելի և Լոս Անջելեսի հարակից քաղաքների քաղաքապետերի այցելությունը Հայաստան, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Միացյալ Նահանգների և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ փոխգործակցության ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները: