Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։
Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով։ Հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար պետք է նախօրոք իրականացնել անձի նույնականացում, ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն և մուտք գործել համակարգ՝ https://self-portal.taxservice.am/ հղումով։ Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա մուտքն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարեկրյա քաղաքացիների դեպքում՝ բացառապես հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտանաբառով։ Անհրաժեշտ է հիշել, որ օտարերկրյա քաղաքացիները համակարգի հասանելիությունը պետք է ստանան Պետական եկամուտների կոմիտեից՝ www.e-request.am հարթակի միջոցով, ապա մուտք գործեն համակարգ ՀՎՀՀ-ով և մուտքանուն-գաղտանաբառով։ Մանրամասներն` այստեղ։
Ինչպե՞ս լրացնել հաշվարկ-հայտարարագիրը
Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Առաջին քայլով պետք է ընտրել հաշվարկ-հայտարարագիրը լրացնելու տարեթիվը, ապա հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, բայց հաշվետու տարում ունեցել է վարձակալությամբ հանձնած անշարժ գույք՝ անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։
Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու դեպքում պարտադիր լրացման ենթակա է երրորդ բաժինը, որը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին։ Քաղաքացին տվյալ բաժնի «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձավճարների հանրագումարը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ: Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը և հինգերորդ բաժնի «Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ» դաշտում ինքնաշխատ կլրացվի վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։
Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրը
Լրացված հաշվարկ-հայտարարագիրը պետք է ստորագրել էլեկտրոնային տարբերակով՝ ընտրելով ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign։ Օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի է էլեկտրոնային ստորագրության երկու տեսակ՝ CoSign և CoSign Non Resident տարբերակները։ Վերջին քայլով՝ ստորագրված փաստաթուղթն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար ֆիզիկական անձը կարող է տարվա ընթացքում ստացած իր եկամուտները նախօրոք լրացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջի «Եկամուտներ» բաժնում։ Համակարգից օգտվելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել առցանց օգնականին։