Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր՝ մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի վարչապետը եկեղեցու ներկայացուցչի՝ Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթի վերաբերյալ և արդյո՞ք վարչապետը գնալու է, բացատրություններ տա այդ հարթակում, Փաշինյանը պատասխանեց, որ հոգևորականների կողմից հնչող պահանջը, որ կասեցվի սահմանազատման գործընթացը, կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը, տեղին չէ․ «Ես ասում եմ շատ լավ հարգելի լրագրողներ, հարգելի եպիսկոպոսներ, Վեհափառ Հայրապետ, վաղը առավոտից, կամ ինչի՞ վաղը առավոտից, այսօր՝ ցերեկից կկասեցնենք գործընթացը։ Իսկ ի՞նչ ա լինելու դրանից հետո, լինելու ա պարզ բան․ սկսվելու է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պահանջում են սահմանազատումը դադարեցնել, բնականաբար, նաև արտաքին ուժերի ազդեցությամբ ամեն ինչ կանեն, որ Հայաստանի տարածքները օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար։

Փաշինյանը նշեց, որ ընդդիմության հայտնի դեմքերից մեկը կասկածի տակ է առնում ՀՀ-ում ազատ, արդար ընտրություններ իրականացնելու նպատակահարմարությունը․ «Սա նշանակում է՝ կասկածի տակ է դրվում ՀՀ ինքնիշխանությունը, որովհետև դրա աղբյուրը ժողովուրդն է, և պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որ հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, միայն այդ սցենարն է դա հավանական դարձնում։ Նույն սցենարը գործում էր նաև 44 օրյա պատերազմի ժամանակ»։

Վարչապետի խոսքով՝ մի դրվագ կա, որին ինքը ամբողջովին չի անդրադարձել․ «Դա 7-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին խոսակցությունն էր։ Նրանք ովքեր ասում են այս գործընթացի կասեցում, ուրեմն նրանց քաղաքական օրակարգը՝ սադրել պատերազմ և ապահովել իշխանափոխություն՝ ոչ ընտրական։ Հաջորդաբար՝ ոչ լեգիտիմ իշխանության հաստատում և իշխանության և պետականության դե ֆակտո լուծարում՝ դե յուրե լուծարումից առաջ։ Սա է այդ սցենարը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել