Վերջին օրերին մի քանի լրագրողներ ու փաստաբաններ տարակուսել էին, որ Դատական դեպարտամենտը հերքել էր այն, որ գործող դատավորի որդին է բռնություն կիրառել լրագրողի հանդեպ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Դատական դեպարտամենտը, որում մասնավորապես ասվում է․
«Նրանց անհանգստացրել էր, որ Դատական դեպարտամենտին մտահոգել է դատական իշխանության հեղինակությանը առնչվող ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ, ինչը վկայում է, որ դատական իշխանության խնդիրն է անդրադառնալ նաև գործող դատավորների ընտանիքների անդամներին առնչվող հարցադրումներին:
Այս կապակցությամբ դատական իշխանությամբ հետաքրքրված լրագրողների և նախորդ իրազեկումից զարմացած փաստաբանների համար ներկայացնում ենք դատավորների ընտանիքների վերաբերյալ իրավակարգավորումներից միայն մի քանի հատվածներ:
Դատավորը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են (…) Իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ (Դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս):
Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա: Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել իր ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին (Դատավորի էթիկայի կանոններ, № 10):
Դատավորը չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանիքի անդամները, սոցիալական կամ այլ տիպի հարաբերությունները ոչ պատշաճ ձևով ազդեն դատավորի գործառույթների իրականացման հետ կապված իր գործողությունների, ինչպես նաև իր կողմից կայացվող դատական ակտերի վրա (Բանգալորյան սկզբունքների 4.8-րդ կետ)։
Դատավորը պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր ընտանիքի անդամները և իր հետ փոխկապակցված անձինք չընդունեն նվեր, կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ դատավորի պաշտոնեական պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև (Դատական օրենսգիրքի 73-րդ հոդվածի 2-րդ մաս):
Դատավորն իրավունք չունի դատական համակարգի հեղինակությունն օգտագործել կամ թույլ տալ, որ այն օգտագործվի դատավորի, դատավորի ընտանիքի անդամի կամ մեկ այլ անձի անձնական շահերն առաջ տանելու նպատակով (Բանգալորյան սկզբունքների 4.9-րդ կետ)»։