Մի շարք գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում․ գործադիրը հավանության է արժանացրել նախագծերի փաթեթը

Մայիսի 5-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախանշված հետևյալ նպատակները.

  1. շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձևավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում,
  2. շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդում,
  3. գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական:

Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և փաստաթղթավորման խթանների վերաբերյալ առաջարկվում է՝

  • գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկնակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայումս գործող դրույքաչափերը,
  • ընդլայնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորությունների շրջանակը՝ այն նախատեսելով նաև արտադրության և ծառայությունների ոլորտների համար (ներկայումս այդ հնարավորությունն առկա է միայն առևտրի և հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար),
  • հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական (արդյունավետ) դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են:

Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվում է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝

  • փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ),
  • հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում (պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ).
  • մարզերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը,
  • վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը, 
  • սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեությունը,
  • ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների մատուցումը,
  • միջնորդական այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման տրամադրման գործունեությունը,
  • ծրագրային ապահովման մշակման գործունեությունը,
  • փորձաքննական ծառայությունների մատուցումը,
  • շինարարական աշխատանքների կատարումը, ճարտարապետական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացումը, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեության իրականացումը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել