Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը կառավարությունում օպերատիվ խորհրդակցության ժամանակ ստորագրել է բանաձև, որն արգելում է միգրանտներին ուղևորափոխադրումների ոլորտում աշխատելու համար ներգրավել: Նա ասել է, որ նմանատիպ որոշումներ կարող են ընդունվել նաև այլ ոլորտներում, փոխանցում է Коммерсантъ-ը։
Ինչպես հիշեցրել է Ստարովոյտը, Ռուսաստանի որոշ շրջաններում միգրանտների նկատմամբ արգելքներ են մտցվել՝ որպես անվտանգության կանխարգելիչ միջոց: Անցած շաբաթ շրջանի ղեկավարը Telegram ալիքի իր բաժանորդներին հարցրել է, թե արդյոք նրանք աջակցում են ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող միգրանտների սահմանափակումներին։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 42 հազար մարդ։ Նման արգելք մտցնելուն կողմ է արտահայտվել նրանցից 82%-ը։
Ռոման Ստարովոյտը իր ենթականերին հանձնարարել է վերլուծել տարածաշրջանում միգրանտների հետ կապված իրավիճակը՝ հետագա սահմանափակումներ մտցնելու համար։
Հետագա սահմանափակումների վերաբերյալ հարցերը կքննարկվեն վաղը՝ մայիսի 3-ին, օպերատիվ շտաբի նիստում։
Կուրսկի մարզի առաջին փոխնահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը շրջանի ղեկավարի ելույթին հավելել է, որ այս պահին միգրանտներին ոչ ոք չի խանգարում ստանալ ՌԴ քաղաքացիություն և շարունակել աշխատել երկրում։
«Բայց երբ մարդիկ քաղաքացիություն են ստանում, նրանց վրա դրվում են որոշակի պարտականություններ՝ համապատասխանելու այդ քաղաքացիությանը: Դռները բաց են նրանց համար, ովքեր ցանկանում են քաղաքացիություն ստանալ։ Սահմանափակումներ չկան»,- ընդգծել է Սմիրնովը։
Ռուսաստանի մեկ տասնյակից ավելի շրջաններ միգրանտներին արգելել են աշխատել ուղևորափոխադրումների ոլորտում: Սահմանափակումներ են մտցվել Նովոսիբիրսկի, Տուլայի, Կալուգայի և Չելյաբինսկի մարզերում, Կամչատկայում, ինչպես նաև Ղրիմում և Յակուտիայում։ Միևնույն ժամանակ, 2023 թվականից տաքսիների մասին օրենքը արդեն իսկ արգելում է արտասահմանյան լիցենզիա ունեցող քաղաքացիներին զբաղվել ուղևորափոխադրումներով։
Շուկայի մասնակիցները բազմիցս հայտարարել են, որ ընդունված որոշումները հանգեցրել են վարորդների պակասի: