«Մայր լինելը պետք է լինի աշխատատեղ»․ Շիրակ Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը այսօր՝ ապրիլի 11-ին, իր ելույթի ժամանակ ասաց, որ ցանկանում է  անդրադառնալ «հայրենիք», «Հայաստանի Հանրապետություն», «պատմական Հայաստան» խոսույթներին․ «Պատմական Հայաստանը 300000 քառակուսի կմ տարածքով Մեծ Հայքի 15 նահանգներն են, որոնք մենք հազարամյակների ընթացքում մաս առ մաս կորցրել ենք ամբողջ պատմության ընթացքում՝ մինչև մեր օրերը»։

Նա նշեց, որ հազարամյակների ընթացքում մենք ճիշտ չենք ընկալել պետության արժեքը և այդ պատճառով ենք կորցրել․ այդ կորուստների պատճառը նաև դավաճանություններն են եղել․ «Խոսում ենք Տիգրան Մեծի մասին։ Ինչպե՞ս անկում ապրեց Տիգրան Մեծը․ ոչ միայն աշխարհաքաղաքական պատճառներով, այլև՝ դավաճանության արդյունքում»։

Թորոսյանը հիշատակեց նաև այլ թագավորների, ովքեր, իր խոսքով, անկում են ապրել դավաճանությունների արդյունքում․ «Այսօր ոչ ոք չի հակադրում պատմական Հայաստանը Հայաստանի Հանրապետության հետ, պարզապես մեզ համար պետք է դաս լինի այն փաստը, որ այսօր պատմական Հայաստանի միայն 10 տոկոսի վրա ունենք Հայաստանի Հանրապետություն»։

Պատգամավորը հավելեց, որ խնդիրը նաև դիվանագիտության մեջ է․ «Բոլորս էլ ունենք հույզեր և երազանքներ կապված պատմական Հայաստանի հետ։ Իմ կարծիքով՝ հույզերն ու երազանքները ևս քաղաքական կատեգորիա են․ այն քաղաքական գործիչը, որ չունի նշվածները, ես նրան կիսատ-պռատ քաղաքական գործիչ եմ համարում և գտնում եմ, որ նրանք սիրտ և հոգի չունեն»։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա խոսեց վարչապետի երեկվա ելույթի՝ Ռուսաստանին առնչվող հատվածի մասին, որտեղ նա նշել է, թե անհնար է թերագնահատել այն դրականը, որ կա հայ-ռուսական հարաբերություններում․ «Ես բարձր եմ գնահատում Ձեր այդ տեսակետը և կիսում եմ այն։ Ուզում եմ  ի լուր աշխարհի ասել, որ այդ հարաբերությունները պետք է ընթանան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերենության հարգմամբ»։

Պատգամավորը խոսեց նաև ժողովրդագրության մասին․ «Իմ պատկերացմամբ ժողովրդագրական քաղաքականությունը և բանակաշինությունը մեր բացարձակ արժեքները պիտի լինեն, մնացած հարցերը ինչքան կարևոր են, այնքան էլ երկրորդական են։ Իմ պատկերացմամբ՝ մայր լինելը աշխատատեղ պետք է լինի, պետությունը պետք է հասնի նրան, որ շատ երեխա ունեցողը բարեկեցիկ կյանքով ապրի»։

Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել