Փոփոխություններ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում

Օրենքի նախագծով առաջարկում ենք վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք նաեւ համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, օրենքում ներառել նոր սահմանումներ. ասել է Զարուհի Բաթոյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Հիմնական զեկուցողը, անդրադառնալով առաջին ընթերցմամբ քննարկվող ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին, նշել է, որ նախագծով առաջարկվում է` որպես բռնության անձ դիտարկել երեխային, ով նաեւ ականատես է եղել բռնությանը, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետներ:

Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում` ոչ միայն առաջնային օգնություն, այլ ընդհանրապես բժշկական օգնությունը:

Զարուհի Բաթոյանի խոսքով նախագծով կսահմանվի նաեւ բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում: Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացվել են դիտարկումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հիմնական զեկուցողը, կարեւորելով դիտարկումները, նշել է, որ պատրաստ է լսել առաջարկներ եւ հավելել, որ ներկայացված դիտարկումների մի մասը` որպես հեղինակների առաջարկ, ներկայացվել եւ ընդունվել է:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ, պատգամավորներ Սոնա Ղազարյանն եւ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, հավելել են, որ քննարկումը կարեւոր նշանակություն ունի մեր հասարակության համար: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ընտանեկան բռնությունը պետք է նույնականացնել եւ ստեղծել գործիքակազմ, որով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց պաշտպանելու:

«Մենք բովանդակային առումով ունենք բավականին հաջողված նախաձեռնություն: Շատ կարեւոր է, որ մեր հանրությունը իմանա, թե որ պարագայում ինչպես պաշտպանի իր իրավունքները»,- ասել է Սոնա Ղազարյանը:

«Կառավարության առաջնահերթությունների մեջ է բռնության դեմ պայքարը, հատկապես` ընտանեկան բռնության դեմ պայքարը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:  Ըստ նրա` պետք է ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որ հնարավոր լինի կանխարգելել բռնության վրա հասնումը պրակտիկայում:

Փոխնախարարի խոսքով հեղինակների առաջարկը միտված է նրան, որ կիսատ չթողնվի ընտանեկան բռնության հնարավոր սուբյեկտային շրջանակը եւ ամբողջական դիտարկվի նոր օրենքի շրջանակում: Նա նշել է, որ Կառավարության կողմից կան առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին որոշմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել