Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10-ով կավելանա

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծով Կառավարությանը առաջարկվում է ընդունել որոշում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով համաձայնություն տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

«2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով՝ հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով (…):

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։ Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:

Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ավելացնելու անհրաժեշտություն»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել