Հայաստանի Հանրապետության իշխանությունը դժբախտաբար որևէ կերպ չի ուզում մասնակցություն ունենալ Արցախի առջև հառնած խնդիրների առարկայական լուծմանը։ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է Արցախից: Այս մասին ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում:
Վերջինս ընդգծել է, որ ի տարբերություն ՀՀ իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության իշխանության թեթև ձեռքով մարդիկ այժմ դատապարտված են անորոշության, և այդ անելանելիության իրավիճակում նրանց հայացքը դիպել է Եկեղեցուն։
«Եկեղեցին 2018թ․-ից սկսած արտահայտել է իր դիրքորոշումները։ Ցույց է տվել այն սխալները, որոնք արվել են պետական քաղաքականության շրջանակներում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, մատնանշել է ներազգային կյանքում բաժանարար գծերի անցկացման, անջրպետերի, անհամերաշխության մթնոլորտի ձևավորման անթույլատրելիությունը»,-նշել է նա:
Սրբազանի խոսքով՝ Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի մաս է կազմում Արցախի աղետալի վիճակը և բազմաթիվ անգամներ փորձեր արվել են՝ կանխելու այդ աղետալի վիճակը, իսկ հետո հասնելու մարդկանց կարիքներին:
«Ոչ միայն Եկեղեցին, այլ նաև ցանկացած այլ մարդասիրական առաքելություն չէր հաջողելու որևէ աջակցություն տրամադրել, եթե այդ ուղղությամբ կենտրոնացված չեն ջանքերը և չեն ուղղորդվում ՀՀ-ի կողմից»,- ասել է նա:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները բոլոր պայմանները պետք է ստեղծեն, որ ցանկության դեպքում արցախահայերը գան ու բնակվեն Հայաստանում։ Նա ընդգծել է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի կազմում հայերի անվտանգ կեցությունը, իսկ վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն են:
Շարունակությունն՝ այստեղ։