Ի տարբերություն ՀՀ իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազան

Հայաստանի Հանրապետության իշխանությունը դժբախտաբար որևէ կերպ չի ուզում մասնակցություն ունենալ Արցախի առջև հառնած խնդիրների առարկայական լուծմանը։ Հայաստանի Հանրապետությունը  ձեռքերը լվացել է Արցախից: Այս մասին ասել է  Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում:

Վերջինս ընդգծել է, որ  ի տարբերություն ՀՀ իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության իշխանության թեթև ձեռքով մարդիկ այժմ դատապարտված են անորոշության, և այդ անելանելիության իրավիճակում նրանց հայացքը դիպել է Եկեղեցուն։

«Եկեղեցին 2018թ․-ից սկսած արտահայտել է իր դիրքորոշումները։ Ցույց է տվել այն սխալները, որոնք արվել են պետական քաղաքականության շրջանակներում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, մատնանշել է ներազգային կյանքում բաժանարար գծերի անցկացման, անջրպետերի, անհամերաշխության մթնոլորտի ձևավորման անթույլատրելիությունը»,-նշել է նա:

Սրբազանի խոսքով՝ Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի մաս է կազմում Արցախի աղետալի վիճակը և բազմաթիվ անգամներ փորձեր արվել են՝  կանխելու այդ աղետալի վիճակը, իսկ հետո  հասնելու մարդկանց կարիքներին:

«Ոչ միայն Եկեղեցին, այլ նաև ցանկացած այլ մարդասիրական առաքելություն չէր հաջողելու որևէ աջակցություն տրամադրել, եթե այդ ուղղությամբ կենտրոնացված չեն ջանքերը և չեն ուղղորդվում ՀՀ-ի կողմից»,- ասել է նա:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ  ՀՀ իշխանությունները բոլոր պայմանները պետք է ստեղծեն, որ ցանկության դեպքում արցախահայերը գան ու բնակվեն Հայաստանում։ Նա ընդգծել է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի կազմում հայերի անվտանգ կեցությունը, իսկ վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն են:

Շարունակությունն՝ այստեղ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել