Արցախը 269 օր է շրջափակման մեջ է

Արցախը 269 օր է շրջափակման մեջ է։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կեղծ, ստահոդ հայտարարությունների պարբերական շարքը, որը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։

Արցախի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  սեպտեմբերի 6-ին երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։

Ադրբեջանը շուրջ չորս ամիս է, ինչ արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։

Հայաստանի կողմից հուլիսի 26-ին ուղարկված 360 տոննա մարդասիրական օգնությունը դեռ Կոռնիձորում է։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 269 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել