Վլադիմիր Պուտինը հանդիպել է Եվգենի Պրիգոժինի և «Վագներ»-ի հրամանատարների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դատելով ձեզնից ստացած հարցերի քանակից, ակնհայտ է, որ դուք ինձ կհարցնեք Կրեմլում կայացած հանդիպման վերաբերյալ Liberation-ի հրապարակման մասին։ Իսկապես, նախագահը նման հանդիպում ունեցել է։ Նա դրան հրավիրել է 35 հոգու՝ («Վագներ» ՄՌԸ-ի) ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ հունիսի 29-ին, և տևել գրեթե երեք ժամ։ Դրա մանրամասները հայտնի չեն», – մեջբերում է Պեսկովի խոսքերը «Ведомости» պարբերականը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ նախագահը գնահատական ​​է տվել ընկերության գործունեությանը ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի իրադարձություններին։

«Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի տեղավորման և հետագա մարտական ​գործունեության տարբերակներ։ Հրամանատարներն իրենց հերթին ներկայացրել են կատարվածի իրենց վարկածը։ Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են։ Եվ նրանք նաև ասել են, որ պատրաստ են շարունակել պայքարը հանուն հայրենիքի», – ասել է Պեսկովը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։


Հիշեցնենք՝ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել էին վագներականների ճամբարները և դրա պատճառով 25 հազար վարձկաններ շարժվում են Մոսկվա՝ «վերականգնելու արդարությունը»։

Հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել