Ես նույնիսկ չեմ կարող հավատալ, որ Վերին Լարսում խցանումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ վարչապետին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանի հետ հունիսի 7-ին տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել է նաև Լարսի անցակետի հարցին։

ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, որ այժմ ամառային սեզոն է, և հայկական կողմին մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը․ «Ես գիտեմ, որ ռուսական կողմը լայնածավալ վերակառուցման աշխատանքներ է իրականացնում, որի շուտափույթ ավարտը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Սա նույնպես կարևոր նրբերանգ է, որը մեծապես կխրախուսի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը»։

Հանդիպմանը ներկա Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովն ասել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ վերակառուցման պայմաններում թողունակությունն ապահովելու համար։

«Մենք ամեն օր գրեթե հազար մեքենա ենք բաց թողնում երկու ուղղությամբ։ Պետք է օրական 1 մլն 500 հազար մեքենայի հասնենք, որ ընդհանրապես հերթեր չլինեն։

Տրանսպորտի նախարարությունը մեզ խոստանում է մինչև հունիսի 15-ը ճանապարհները հանձնել: Եթե ​​լինեն այդ նոր գոտիները, մենք մեկ շաբաթվա ընթացքում կվերացնենք խցանումը։

Վերանորոգումից հետո կգործի 39 գոտի, որից 15-ը՝ բեռնափոխադրումների համար։ Մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատարի երկու ուղղություններով և 3500 մարդատար ավտոմեքենայի:

«Վերին Լարս» անցակետը, նույնիսկ վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է»,- նշել է ռուս պաշտոնյան։

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով նշել է, որ դա շատ նորություն է․ «Ես նույնիսկ չեմ կարող հավատալ, որ Վերին Լարսում խցանումներ չեն լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել