Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է․ իրավաբան Դավիթ Թումասյան

Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, փաստաբան Դավիթ Թումասյանը։

«Դրոշ վառելը չի կարող հանդիսանալ խուլիգանություն հետևյալ հիմնավորմամբ՝

1. Խուլիգանությունը հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելն է: Տվյալ դեպքում ադերբեջանական դրոշն այրելը հասարակության նկատմամբ ո՛չ անհարգալից, ո՛չ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք չէ: Ավելին, այն դեպքում, երբ ադերբեջանցիները հայկական դրոշն անգամ արգելում են տեղադրել ՀՀ տարածքում և այդ հիմքով վեճ ու ձեռնամարտ է սկսվում զինվորների միջև՝ Ա. Նիկոյանն ուղղակի այսպես է դրսևորում իր անհամաձայնությունն ու դա լոկ ազատության խոսքի դրսևորումներից կարող է լինել:

2. Խուլիգանությունը դրսևորվում է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով: Այս ամբողջ շարադրանքից այս դեպքում հնարավոր է միայն քննարկել հանրային միջոցառումը խափանելը, քանի որ այլ դրսևորումներն ակնհայտ բացակայում են, սակայն դրոշն այրելը, որն ընդամենը թեթև անհանգստություն առաջացրեց մի քանի վայրկյան տևողությամբ չի կարող դիտարկվել հանրային միջոցառումը խափանել, քանի որ այդ միջոցառումը ո՛չ դրոշ վառելու ընթացքում է դադարել, ո՛չ էլ՝ դրանից հետո:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ՀՀ զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելու համար: Որպես անարգանք է համարվում նաև դրոշն այրելը: Հետևաբար, եթե անձն այրում է ՀՀ դրոշը, ապա դա խուլիգանություն չէ, և որակվում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ, այլ 472-րդ հոդվածով: Տրամաբանական է, որ ադերբեջանական դրոշն այրելը նույնպես չի կարող համարվել խուլիգանություն, քանի որ դրոշն այրելով անարգանքն իրականացնելն այլ հոդվածով նախատեսված արարք է: Եվ այդ հանցագործությունը կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն է, այլ ոչ թե՝ հասարակական կարգի դեմ ուղղված՝ ինչպիսինն է խուլիգանությունը:

4. Շահեն Հախվերդյանի վերաբերյալ քրեական գործով Վճռաբեկ դատարանը դեռ 30.03.2012թ.-ին հայտնել է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն այն դեպքերում, երբ…. հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, սակայն դրա կատարմամբ հանցավորը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի: Ուրեմ դրոշն այրելը նաև դատական պրակտիկայի իմաստով խուլիգանություն չի համարվում:

5. Շահեն Հախվերդյանի վերաբերյալ նույն քրեական գործով Վճռաբեկ դատարանը հայտնել է նաև, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն այն դեպքերում, երբ…. արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով:

6. Ելնելով վերոգրյալից, Արամ Նիկոլյանի արարքում բացակայում է խուլիգանությունը՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի բացակայության հիմքով, ինչպես նաև բացակայում է պետական խորհրդանիշներն անարգելը՝ հանցակազմի օբյեկտի բացակայության հիմքով»,-մանրամասնում է Դավիթ Թումասյանը:

Արամ Նիկոլյանի լուսանկարը՝ Արմենպրեսի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել