Հրապարակվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը․ 81,9 միլիոն դրամ կվերադարձվի պետությանը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր, որի արդյունքում պատասխանող Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 81.962.500 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Արթուր Մանուկյանը մինչև 2019 թվականը զբաղեցրել է ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը։

Վճիռն ամբողջությամբ՝ այստեղ։

Գործի մասին Գլխավոր դատախազությունից հայտնում են․

«2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը:

Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։

Նշված համաձայնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին հաստատման նպատակով ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։ 

Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել