Ոնց կարելի է 120 000 մարդու սարսափի մեջ պահել, թե եթե չհամաձայնեք՝ ուժ կգործադրեն․ Գեղամ Նազարյանը՝ Արցախի նախագահի հայտարարության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթին, որում նշվում էր, որ այն քաղաքացիները, ովքեր կողմ են Ադրբեջանի հետ ինտեգրացիային, կարող են արտահայտել իրենց կարծիքը։

«Ինչ նպատակ էր հետապնդում Արայիկ Հարությունյանի այդ ելույթը, պարզ է չէ՞ Ադրբեջանը ինչ է երազում, ինչու է դրա մասին բարձրաձայնում Արցախի ղեկավարը։ Ինքը Արցախի Հանրապետության նախագահն է, ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության նախագահը։ Այդ հարցադրումը անելու փոխարեն պարտավոր էր սուսուփուս այդ անվտանգային խնդիրները լուծել։ Ոնց որ Պաղեստինի ղեկավարը հանդես գա՝ ասի Իսրայելի նպատակը Պաղեստինը ընդգրկելն է Իսրայելի մեջ, հակառակ դեպքում ուզում են ուժ կիրառել, տեղնուտեղը ինքը այնտեղ չէր լինի այդ հայտարարությունից հետո»,- ասաց պատգամավորը։

Գեղամ Նազարյանը ասաց, որ այդ քայլով Արայիկ Հարությունյանը հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա։

«Դա ինչ ասելու բան է, ոնց կարելի է 120․000 մարդ նման սարսափի մեջ պահել, եթե չհամաձայնեք՝ ուժ կգործադրեն։ Թաքնվելով ռուս խաղաղապահների թիկունքում, թիրախավորելով նրանց՝ Հարությունյանը արցախցիների վրա հոգեբանական ճնշում է գործադրում՝ իր ներկայությունը Արցախի նախագահի աթոռին նշանավորելու համար։ Լավ կլիներ Արայիկ Հարությունյանը այդ հայտարարության փոխարեն Ադրբեջանից պահանջեր Հադրութը և Շուշին հետ վերադարձնել։ 30 տարի Ադրբեջանը վատ վիճակի մեջ էր, բայց նրանց պաշտոնյաները այդպիսի հայտարարություններ չէին անում»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել