Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի

ՀՀ 2-րդ նախագահ, կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նույն գործով ամբաստանյալ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը չի կայանա։ Փաստաբանական խմբից հայտնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգել է դատական նիստը։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատարան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 13։00-ին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբաձումյանի ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները:

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին ևս դատական նիստը հետաձգվել էր նույն հիմքով՝ Քոչարյանը նիստին չէր ներկայացել առողջական խնդիրերով պայմանավորված։ Նույն հիմքով դատական նիստը հետաձգվել էր նաև դեկտեմբերի 20–ից մինչև հունվարի 31–ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել