Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները` նշված գործառույթը վերապահելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ:
Ներկայում, գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ, որոնց զբաղվածությունից ելնելով ոչ միշտ է հաջողվում արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետևաբար առավել արագ արձագանքել քաղաքացու դիմումին:
Առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
ԱՆ հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթը, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն և Առողջապահության նախարարության, որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում:
Դիտարկելով որոշումն ուժի մեջ մտնելուց (01.10.2015թ.) հետո մինչև 2023թ.-ի հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում Առողջապահության նախարարություն մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջով ներկայացված դիմումների քանակը, կարելի է փաստել, որ կապված որոշմամբ սահմանած հիվանդությունների (վիճակների) ցանկի ընդլայնման հետ, ինչպես նաև հաշվի առնելով վերջին տարիներին բնակչության իրազեկվածության բարձրացումը` որոշմամբ սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկի ընդլայնման վերաբերյալ, արձանագրվում է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով քաղաքացիների դիմելիության զգալի աճ։
Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետերում` սահմանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը` գործառույթը վերապահելով միասնական սոցիալական ծառայությանը:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կընդունվի նոր իրավական ակտ, որով կհաստատվի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում միասնական սոցիալական ծառայության կողմից եզրակացության տրամադրման կարգը, իսկ ներկայում գործող Առողջապահության նախարարի 2022թ. մայիսի 4-ի թիվ 1917-Լ հրամանն ուժը կորցրած կճանաչվի: