Առերեսման հոգեբանական առանձնահատկությունները

Գործնականում քրեական գործերով հաճախ ստացվում կամ ձեռք են բերվում բազմաթիվ տվյալներ, որոնց մի մասը քննություն կատարող անձին տալիս է կողմնորոշող հնարավորություն, երբեմն էլ դրանք կարող են տեղ գրավել ապացույցների համակարգում, եթե դրանցով լուծվում են միջանկյալ խնդիրներ կամ դրանք նպաստում են վերջնական եզրահանգումներ անելուն: Միջանկյալ փաստերի միջոցով երբեմն հնարավոր է նաև պարզել և հիմնավորել ապացուցման ենթակա առարկայի որևէ հանգամանք կամ մի շարք հանգամանքներ` ամբողջությամբ վերցրած:

Առերեսումը նախկինում հարցաքննված երկու անձանց միաժամանակյա հարցաքննությունն է: Առերեսման իրականացման հիմքը հանդիսանում է նախօրոք հարցաքննված երկու այն անձանց ցուցմունքները, որոնցում էական հակասություններ կան:
Ընդ որում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում, ապա քննիչը (վարույթն իրականացնող մարմինը) պարտավոր է կատարել առերեսում:

Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:

Որպես հարցաքննության տեսակ` առերեսումը առանձնանում է իր միջանձնային կոնֆլիկտի սուր փոխազդեցությամբ:

Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Վկան նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:

Այնուհետև, առերեսման մասնակիցներին առաջարկվում է հերթականությամբ ցուցումունք տալ այն հանգամանքների մասին, որոնց կապակցությամբ նախկինում նրանց կողմից արդեն տրվել են բացատրություններ (ցուցմունքներ): Քննիչը հարցաքննվողներին տալիս է հարցեր, որոնք ուղղված են ճշմարտության բացահայտմանը, և թույլ է տալիս, որպեսզի առերեսման մասնակիցերը միմյանց ուղղեն իրենց հարցերը:

Առաջին հերթին հարցաքննվում է այն անձը, ով խոստովանական ցուցմունքն է տալիս, այնուհետև` այն անձը (հարցաքննվողը), ով ժխտում է այդ ցուցմունքը (բացատրությունը):

Հարցաքննվողների ցուցմունքները համակարգվում են: Առաջին հերթին տրվում են անուղղակի հարցեր: Քննիչը զերծ է մնում այնպիսի հարցերից, որոնք խոսում են իր ոչ տեղեկացվածության մասին: Երբ քննիչը նկատում է, որ հարցաքննվողների կողմից տրվում են կեղծ ցուցմունքներ, կամ քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը թաքցվում են, ապա քննիչը այն գնահատում է որպես քննությանը խոչընդոտող գործողություն և զգուշացնում է, որ վարույթն իրականցնող մարմնի հետ համագործակցությունը (հանցագործության բացահայտմանը օժանդակելու դեպքում) կդիտվի որպես մեղադրյալի արարքը մեղմացնող հանգամանք: Հնարավոր է իրականցնել մի քանի առերեսումներ` տարբեր անձանց միջև: Սկզբում դուրս է հանվում ցուցմունքների միջև քրեական գործի համար նշանակություն ունեցող ոչ այնքան կարևոր հակասությունները, այնուհետև` առավել կարևորները:

Հարցաքննվող անձինք (առերեսման մասնակիցները), որպես կանոն, գտնվում են կոնֆլիկտային դիրքերում: Առերեսման տակտիկական առանձնահատկությունն այն է, որ հարցաքննության ժամանակ նախապատվությունը պետք է տրվի այն ցուցմունքին, որն առավել ճշմարտացի է թվում: Սակայն պետք է նկատի ունենանք, որ հարցաքննվող անձանց կողմից տրված ցուցմունքների միջև հակասությունները կարող է առաջացած լինել ոչ միայն առերեսման մասնակիցների մեկի կողմից տրված հակասական ցուցմունքներից: Չի բացառվում, որ դա կապված լինի հարցաքննվողներից մեկի կամ երկուսի բարեխիղճ մոլորության հետ:

Փաստական, հավաստի աղբյուրներից ստացված ինֆորմացիան, որը քննիչը բացահայտում է առերսման ժամանակ, հանդիսանում է հոգեբանական ազդեցության գործոն այն անձի նկատմամաբ, ով իր հակասական ցուցմունքներով հակազդում է քննությանը:

Առերեսման ժամանակ կոնֆլիկտային լարված իրավիճակներում` քննիչը պետք է պահպանի իր հոգեկան հավասարակշռությունը: Քննիչը առերեսման ողջ ընթացքում պետք է լինի հոգեկան լիարժեք կայունության մեջ, պետք է նախապես ուսումնասիրի գործով առերեսման մասնակիցներից յուրաքանչյուրի հոգեբանական, անձնական նկարագիրը, նրանց բնավորության «թույլ» կողմերը, անձի դրական և բացասական գծերը:

Հանցագործության կատարողի կամ հանցակիցներից` հանցավոր խմբի կազմակերպի առերեսման ժամանակ անհրաժեշտ է հատուկ հոգեբանական պատրաստվածություն այն անձի համար, ով նախկինում հոգեբանական կախվածության մեջ է գտնվել հանցագործ-լիդերների կողմից: Առերեսման ժամանակ բացահայտորեն իրենց դեմ դուրս գալը սկիզբն է հանդիսանում իրենց կողմից այդ հոգեբանական կախվածության դուրս գալու, ինչը հետագայում դրական ազդեցություն է ունենում առերեսման արդյունքների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել