Հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ Երևանում փողոց կանվանակոչվի

Երևան քաղաքի ավագանին փետրվարի 14-ին կգումարի 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստին որոշումներ կընդունվեն Երևանի մի քանի փողոցների անվանակոչման մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ կքննարկվի Երևան քաղաքի Արաբկիրի 33-րդ փողոցը հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ` «Ժիրայր Անանյան փողոց» անվանակոչելու մասին հարցը։ Նախագիծը նեկայացրել են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Միրզոյանը, Հակոբ Մելիքյանը, Զարուհի Աղաջանյանը, Արմեն Ղալեչյանը, Հեղինե Ոսկանյանը։

Նախագիծի համաձայն՝ հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանը ծնվել է 1934 թվականին ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում:

1952 թվականին ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին` Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1959-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝
գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։

Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան, Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան (1974), Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978), Ղափանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ 1978 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979 թվականին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։

1980 թվականից նա եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2002 թվականին արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար:

Ժիրայր Անանյանը մահացել է 2004 թվականին, Երևանում:

Լուսանկարում՝ Ժիրայր Անանյանը, Կարպ Խաչվանքյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել