Արցախի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել Ստեփանակերտ քաղաքի բնակչի նկատմամբ:
Մ.Ս. օգտատերը 2022թ. դեկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ.
«Ինձ հասցած տեղեկություններով ՊԲ զորամասերից ահազանգում են սննդի մատակարարման մասով առաջացած խնդիրների կապակցությամբ, մասնաավորապես, Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերը մատակարարի կողմից չեն ստանում բավարար քանակությամբ, ինչպես նաև որակական հատկանիշներին համապատասխանող սնունդ: Հորդորում եմ պատկան մարմիններին զբաղվել այս հարցով»:
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» N 2754-Ն հրամանագրով արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը:
Ուստի Մ.Ս.-ի արարքում առկա են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որով արգելվում է լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը:
ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական տիրույթում Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող գրառումներից և անվտանգությունը խաթարող այսօրինակ դրսևորումներից: