Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:
Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր:
18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից: