Սահակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում, հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ քրեակատարողական ծառայությունը նրան հնարավորություն չի տվել հեռավար կարգով մասնակցել իր բանտարկության հնարավոր հետաձգման շուրջ դատավարությանը, լրագրողներին հայտնել է փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է Интерфакс-ը:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում, երբ Սահակաշվիլիին թույլ չտվեցին տեսակապով մասնակցել իր դատավարությանը, միանգամայն անընդունելի է: Նման բան չեն արել նույնիսկ ստալինյան դատարանում: Միխեիլ Սահակաշվիլին ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել», – ասել է փաստաբանը: Այս գործով դատավարությունն ընթանում է Թբիլիսիի քաղաքային դատարանում։

Այսօր ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանն այդ գործի քննությունը հետաձգել է մինչև դեկտեմբերի 22-ը։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ տեխնիկական հնարավորություն չկա դատավարությանը Սահակաշվիլիի հեռավար մասնակցության համար։ Միևնույն ժամանակ դատավոր Գիորգի Արևաձեն քրեակատարողական ծառայությանը հանձնարարել է ապահովել տեսակապի միջոցով Սաակաշվիլիի մասնակցությունը դեկտեմբերի 22-ի դատավարությանը:

Սահակաշվիլին Վրաստան էր ժամանել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին. հոկտեմբերի 1-ին նրան կալանավորել էին Թբիլիսիում և ուղարկել Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ նախկին նախագահը հացադուլ էր հայտարարել։ Նոյեմբերի 8-ին, առանց հարազատների և փաստաբանների համաձայնության, նրան տեղափոխել էին Թբիլիսիի բանտային հիվանդանոց։ Նոյեմբերի 20-ին Սահակաշվիլիին ուղարկել էին Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել էր հացադուլը։ Վրաստանում քաղաքական գործիչն անցնում Է մի քանի քրեական գործով։ Սահակաշվիլին իր կալանավորումը համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքները՝ կեղծված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել