Կարճ հաղորդագրությամբ հայտնել էր` դրսում նվեր է թողել աղջկա համար

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Տիգրան Մնացականյանը շուրջ 6-7 տարի ընկերություն է արել նույն գյուղի բնակչուհի Նելլի Հովհաննիսյանի հետ: 

Վերջին ժամանակներս, երբ ցանկացել է ամուսնանալ, Նելլի Հովհաննիսյանը և նրա մայրը, դեմ են եղել ամուսնությանը, պատճառաբանելով, որ Նելլի Հովհաննիսյանը «Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի» 3-րդ կուրսի ուսանողուհի է, ուսումը ավարտելուց հետո նոր կամուսնանա:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` Նելլի Հովհաննիսյանը և Տիգրան Մնացականյանը մշտապես գտնվել է հեռախոսային կապի մեջ, իսկ 2013թ. փետրվարի 25-ին ժամը 20-ի սահմաններում Տիգրան Մնացականյանն իր բջջային հեռախոսից «Կարճ հաղորդագրություն» է ուղարկել Նելլի Հովհաննիսյանին` հայտնելով, որ իր համար նվեր է թողել դրսում` դուրս գա վերցնի:

2013թ. փետրվարի 25-ին Տիգրան Մնացականյանը ցանկացել է առևանգել Նելլի Հովհաննիսյանին և իր առևանգման մասին ոչ ոքի չի հայտնել, այլ իր համագյուղացի Ա. Հ.-ին խնդրել է, որ վերջինս իր մեքենայով իրեն և իր ընկերուհի Նելլի Հովհաննիսյանին տանի Գավառ քաղաք, իսկ Ն. Ա.-ին, որը Գավառի պետական համալսարանի ուսանող է եղել, խնդրել է, որ իրեն և Նելլի Հովհաննիսյանին տրամադրի վարձակալած բնակարանը:

Նելլի Հովհաննիսյանի մայրը փորձել է թույլ չտալ աղջկան փախցնողների իրականացնել իրենց ծրագիրը, սակայն գետինը սառցակալած է եղել և սայթակելով վայր է ընկել ու չի կարողացել արգելել:

Կատարվածի մասին աղջկա մայրը գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Մարտունու բաժնում և այդ մասին հայտնել է իր եղբորը: Վերջինս իմանալով, որ Աննա Հարությունյանին առևանգել են, փորձել է հեռախոսակապ հաստատել Նելլի Հովհաննիսյանի և Տիգրան Մնացականյանի հետ: Նելլի Հովհաննիսյանից իմանալով, որ գտնվում էն Գավառ քաղաքում, նրան հետ է վերադարձրել տուն:

Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Տիգրան Մնացականյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Արագացված դատաքննության կարգ սահմանելու վերաբերյալ մեղադրող Վ.Լազարյանը, տուժող Ա.Հարությունյանը, պաշտպան Ս.Կարապետյանը չեն առարկել:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Տիգրան Մնացականյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ կողմերը համաձայնվել են:

Դատարանն ամբաստանյալ Տիգրան Մնացականյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնել ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանն, այնպես էլ ամբաստանյալի անձն` այն, որ բնութագրվում է դրականորեն, երիտասարդ է, ընտանիք կազմելու ցանկություն է ունեցել, վատառողջ է, որի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից:

Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված Տիգրան Մնացականյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտոել այն, որ անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, նախկինում դատված և արատավորված չի եղել:

Դատարանը Տիգրան Մնացականյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: Դատապարտյալի վրա դրվել է որոշակի պարտավորություն` չփոխել մշտական բնակության վայրը:

Տիգրան Մնացականյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի` դատապարտյալի բնակության վայրի տարածքային բաժանմունքի վրա: Ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել