Ռուսական կողմը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զինծառայողների գնդակահարության տեսանյութերի անհապաղ համակողմանի վերլուծություն իրականացնել՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ փաստերի հաստատման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ։ Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Ադրբեջանական և հայկական իշխանություններին կոչ ենք անում անհապաղ անցկացնել տվյալ տեսանյութերի համակողմանի, խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ ամենևին չնշելով, որ հենց ադրբեջանցիներն են գնդակահարել հայ զինվորականներին։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է «լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման և Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները սեպտեմբերյան բախումների ժամանակ գնդակահարում հայ ռազմագերիներին։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել էր տեսանյութի իսկությունը։ «Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է»,- հայտարարել էր Թորոսյանը։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դատապարտել էր գերիների գնդակահարության փաստը։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը։ Եթե այս կադրերը հաստատվեն, այդ դեպքում սա ակնհայտ ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան՝ չնշելով, սակայն, որ հանցագործության հեղինակը ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր եվրոպացի պաշտոնյան։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 1-2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: