«Հանրային» հեռուստաընկերության եթերում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Ազատական կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը 4,5 ամիս) 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, պետք է ծառայի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։
«Եթե այս ամբողջ ընթացքը ստուգենք, կտեսնենք, որ անձինք զինկոմների, ծանոթների միջոցով գումար են տվել ու չեն ծառայել, հիմա պետությունն ասում է՝ վճարիր ու մի ծառայիր։ Չորսուկես ամիս պատրաստվիր, դրանից հետո հինգ տարի քեզ մոբռեսուրս չեն հրավիրելու, բայց դրանից հետո տարեկան մեկ շաբաթով գալու ես, պատերազմ սկսվի գնալու ես առաջին գիծ. հիմա հարց է առաջանում զինվորն ազատվի՞ բանակից, թե՝ ոչ։
Մենք անցնելո՞ւ ենք պրոֆեսիոնալ բանակի, թե փո՞ղ ենք աշխատում։ Եթե այս տարբերակով գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, ապա սա ճիշտ քայլ է, բայց եթե չենք գնում պրոֆեսիոնալ բանակի եւ փող ենք աշխատում, սա անընդունելի է»,– նշել է Սամվել Բաբայանը։
Անդրադառնալով օգոստոսի 30–ից Արցախը Հայաստանին կապող երթուղու փոփոխությանը, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ասել է, որ համաձայն նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության, Հայաստանը Արցախին կապող միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ ճանապարհն էլ տեղափոխվեր այլ տարածք։
«Ես 7–8 ամիս առաջ նամակով դիմել եմ Հայաստանի վարչապետին ու Արցախի նախագահին, որ նոր կառուցվող ճանապարհը կառուցվի երկրորդ կարգի, կարճ լինի այն։ Հայաստանի տարածքից մինչեւ Արցախ 4–5–6 կմ է, որը կոչվում է միջանցք, մնացածը Արցախի տարածքն է, որտեղ Բերդաձորն է, այդտեղ 4 գյուղ պետք է կառուցեին եւ բարձր մակարդակով ապահովեին, որ բոլոր փախստականները վերադառնան այդտեղ ու ապրեն։ Ինչո՞ւ են Ստեփանակերտում շենքեր կառուցում, կամ էլ գյուղերում տներ սարքում, եթե կարելի էր այդտեղ տեղավորել բոլորին»,– նշել է Բաբայանը։
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական վիճակին, Սամվել Բաբայանն ասել է, որ Արցախում պետք է Սահմանադրությունը փոխվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն։
«Այն քաղաքական ուժերը, որոնց ժողովուրդը կվստահի, նրանք էլ կղեկավարեն երկիրը։ Հակառակ դեպքում էն ինչ անում են, ձեւական է, ոչ մի բան չի փոխվելու։ Որ կոպիտ չհնչի, քաոս է, Արցախում ներքաղաքական վիճակ չկա, գոյություն չունի»,– նշել է Սամվել Բաբայանը։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն անդրադարձել է նաեւ Զանգեզուրի միջանցքի խնդրին.
«Ես ամիսներ առաջ էլ ասել եմ, որ ժողովուրդ, մեզնից Նախիջեւանի ճանապարհ չեն ուզում, որ Կապանով, կամ էլ Սիսիանով ինչ–որ ճանապարհ գծես, որ Ադրբեջանը գնա։ Ադրբեջանն ուզում է միջազգային ճանապարհ, որովհետեւ Ադրբեջանն իր տարածքով 6 գծային ճանապարհ է կառուցում՝ Արաքս գետի ափով դեպի Հայաստան, նույնն էլ Թուրքիայում, որ դուրս գան միջերկրական ծով։ Ադրբեջանը դրա համար է ասում միջանցք, որ ինքը վստահելի լինի եւ որեւէ խոչընդոտ չլինի ու էդ ճանապարհը գործի։ Ես չեմ բացառում, որ հետագայում նավթն ու գազը, երկաթուղին էդտեղով անցկացնի, այսինքն՝ ալտերնատիվ ճանապարհ է, ուղիղ 30 տոկոսով ճանապարհը կարճ է լինում, բացի այդ ճանապարհն ավելի անվտանգ կլինի, քան գործողը։ Այսօր Թուրքիան Վրաստանով 30 մլրդից ավել ապրանք է տեղափոխում Ադրբեջան, Ռուսաստան, եւս 15 մլրդ էլ Կենտրոնոկան Ասիա, էդ ամբողջը տեղափոխվելու է էդ ճանապարհով ու Ադրբեջանը հասկանում է իր շահը ու ամեն գնով փորձում է, որ հայերը խոչընդոտ չլինեն»։