«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Հայկ Կարապետանը։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,-նշել է նա։
__________
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Փլատակներից դուրս է բերվել 16 դի։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1189 փրկարարական ծառայող։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող է համարվել Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը, ծնված 1967 թ․։ Անհետ կորած քաղաքացու վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։